Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանում ստեղծված EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 7-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՎՊՀ ռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
EMI կենտրոնի գործընկերային արտաքին գնահատման գործընթացում ներգրավված են փորձագետներ և ուսանող-փորձագետ SMARTI ծրագրի շահակից բուհերից: Փորձագիտական խմբի անդամներն են տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ՊԿԱ դասախոս, Ավստրիայի զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Վահե Սարգսյանը, ՀՀ ՊԿԱ Ֆինանսների կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող Տիգրան Սերոբյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Գորիսի պետական համալսարանի դասախոս, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ փոխտնօրեն Սոնա Ալավերդյանը, Գորիսի պետական համալսարանի որակի ապահովման պատասխանատու, «Արահետներ փոփոխության համար» ՀԿ մոնիտորինգի և գնահատման ղեկավար Մերի Գրիգորյանը, Ռիգայի տեխնիկական համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող Լիլի Բեթենկուրտը:
Արտաքին գնահատման գործընթացը համակարգում են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Ավելի վաղ EMI կենտրոնը սահմանված ձևաչափով իր գործունեության և փորձարկված երկու անգլալեզու մոդուլների ինքնավերլուծություն և SWOT վերլուծություն էր իրականացրել ու ներկայացրել փորձագիտական խմբին:
Արտաքին գնահատման ընթացքում փորձագետների ուշադրության կենտրոնում էին.
Շահակիցների հետ հետադարձ կապի և դրա հիման վրա իրականացվող բարելավման գործիքակազմը և քաղաքականությունը: Հաջորդիվ փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով EMI կենտրոնի և դասավանդվող երկու մոդուլների ուժեղ և թույլ կողմերը, արձանագրված խնդիրների բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն՝ շեշտադրելով EMI կենտրոնների գործունեության և բուհի ռազմավարական կառավարման փոխկապակցվածությունը, ինչպես նաև կենտրոնի գործունեության կայունության ապահովումը:
SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է նպաստել կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով:
Ծրագրի շրջանակներում հայաստանյան 5 բուհում ստեղծվել է EMI կենտրոն, փորձարկվել են մոդուլներ: Այժմ EMI կենտրոնները և փորձարկված երկուական մոդուլ գործընկերային արտաքին գնահատում են անցնում: Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: