Ս. Թ. մայիսի 6-10 ԵՄ էրազմուս+ «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI նախագծի շրջանակում կայացավ հնգօրյա աշխատանքային հանդիպում Ռիգայի տեխնիկական համալսարանում։ Հանդիպմանը մասնակցում էին նախագծի կոնսորցիումի անդամ ԵՄ և ՀՀ բուհերի, ինչպես նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) 28 ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր ծանոթացնել Ռիգայի տեխնիկական համալսարանի գործունեությանը, դասավանդման մեթոդաբանությանը, քննարկել հայաստանյան բուհերի կողմից նախապես մշակված մոդուլները, IMPACT պլանները, ինչպես նաև EMI մանկավարժական ձեռնարկի մշակման հետ կապված ընթացիկ հարցերը։
Այցի առաջին օրը կայացավ նախագծի կառավարման խորհրդի նիստ, որը վարում էր նախագծի համակարգող Ջերարդ Քալենը։ Նա հստակեցրեց առաջիկա անելիքները և առանցքային հարցերը, մասնավորապես՝ EMI մանկավարժական ձեռնարկի մշակումն ու հրատարակումը ու EMI կենտրոնների արտաքին գնահատման գործընթացը: Աշխատաժողովի հաջորդ օրերը հագեցած էին վարպետության դասերով՝ նվիրված համալսարանների միջազգայնացմանը, Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրմանը, ԱԴՄ ուսումնական ծրագրերի մշակմանը, հումանիտար թվային գիտություններում ԱԴՄ մեթոդաբանության մշակման տեսական և գործնական մոտեցումներին։ Դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ՝ Քարլիս Վալտինսը, Ինես Կոկոտեն, Իգորս Տիպանսը, Գյունդարս Ալքսնիսը, Մարինա Սերպինսկան։
Ռիգայի տեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քարլիս Վալտինսը ներկայացրեց Եվրոպական ուսումնական ծրագրերի շրջանակը կլաստերների զարգացման համար։ Նույն համալսարանի աշխատակից Իգորս Տիպանսը ներկայացրեց ՌՏՀ-ի միջազգայնացման գործընթացը, միջազգային ուսանողների շարժունությունը վերջին տարիների ընթացքում և նրանց ուսման վարձավճարների չափը։ ՌՏՀ-ի աշխատակցուհի Ինես Կոկոտեն ներկայացրեց «Տեխնիկական թարգմանություն» մասնագիտական դասընթացի ծրագիրը, նպատակն ու կառուցվածքը։ Մանրամասն քննարկվեցին MOODLE հարթակում իրականացվող դասընթացների կառուցվածքային և բովանդակային առանձնահատկությունները, ԱԴՄ ուսումնական պլանների մշակումն ու ուսուցումը, ինչպես նաև ուսանողների ակադեմիական առաջադիմությունը ստուգելու և գնահատելու ընթացակարգը։
ՌՏՀ-ում ԱԴՄ ուսուցմանը նպաստող միջավայրին ծանոթանալու նպատակով միջազգային նախագծերի համակարգող Էլմա Էյզենիան կազմակերպեց նաև շրջայց բուհի տարբեր մասնաշենքերում գործող լաբորատորիաներով, որոնք հագեցած էին արդիական սարքավորումներով։ Հյուրերի համար կազմակերպվեց նաև մշակութային շրջագայություն Ռիգայի հին քաղաքում:
Բոլոր հանդիպումներն ու քննարկումները ընթացան ջերմ մթնոլորտում, ներգործուն ձևաչափով։ Տարբեր բուհերի ներկայացուցիչներ ներկայացրին իրենց հաջողված փորձը և նոր գաղափարները։ Աշխատաժողովը արդյունավետ էր և օգտակար ինչպես պրոֆեսորադասախոսական, այնպես էլ վարչական անձնակազմի համար։